Research - Yerevan, Yerevan, Armenia
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը գիտական միակ հաստատությունն է, որտեղ կատարվող ուսումնասիրությունների կարևոր ուղղություններն են հայ արվեստի գրեթե բոլոր տեսակների (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ և կիրառական արվեստներ, երաժշտություն, թատրոն, կինո և հեռուստատեսություն) պատմության և տեսության հիմնախնդիրները: Ինստիտուտում աշխատանքներ են տարվում ազգային արվեստի դասականների ստեղծագործական, հուշագրային, նամակագրական ժառանգության ակադեմիական հրատարակության, ֆոլկլորային նմուշների հավաքման, դասակարգման, վերծանության, համակարգչային մշակման ուղղությամբ: Ինստիտուտում գործող Արվեստագիտության 016 մասնագիտական խորհուրդը մասնագիտական կադրերով է ապահովում հանրապետության արվեստագիտական միտքը:Արվեստի ինստիտուտը` հայ արվեստագիտության առաջատարն ու մեկը հայագիտության վաստակաշատ ու ճանաչված օջախներից, հայրենական գիտությունն ու մշակույթը հարստացրել է բազմաթիվ մնայուն ու արժեքավոր գործերով, որոնք պատիվ կբերեին ցանկացած գիտական հաստատությանը: Բազմաթիվ են հիմնարար ու կարևոր աշխատանքներն ու հետազոտությունները, մեծ և մնայուն գործերը: Քչերին է հայտնի, որ հայ մշակույթի խորհրդանիշներից մեկը դարձած Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման գիտական հիմնավորման հեղինակն է Ինստիտուտի ճարտարապետության բաժնի հիմնադիր-վարիչ Ալեքսանդր Սահինյանը, ում ղեկավարությամբ էլ կատարվեցին տաճարի վերականգնման աշխատանքները: Արվեստի ինստիտուտում է իրականացվել Ալեքսանդր Սպենդիարյանի և Կոմիտասի երկերի ժողովածուների ակադեմիական հրատարակությունը` շրջանառության մեջ դնելով հայ դասական երաժշտության ականավոր դեմքերի ստեղծագործական ժառանգությունը…